Գործունեությունը

Իրականացրած աշխատանքները

Ծրագրի նախապատմությունը

 

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները

Մինչ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ուղղությամբ առարկայական գործունեությունը սկսելը «Վալլեքս» խմբի ընկերությունները ապահովել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավական ընթացակարգերի լիարժեք իրականացումը:

2001 թվականի փետրվարին մրցութային կարգով (մրցույթի մասին հայտարարությունը տեղակայվել է Հայաստանի Հանրապետություն թերթի 21.12.2000 թ. համարում) ստացվել է 25 տարով հանքավայրի շահագործման լիցենզիա: 2005 թ. կատարվել է շրջակա միջավայրի վրա Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի ազդեցության գնահատումը և կազմվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ` ՇՄԱԳ) նախագիծ, որը ներկայացվել է փորձաքննության՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն: Օրենքով սահմանված կարգով ապահովվել է հանրության իրազեկումը և մասնակցությունը ՇՄԱԳ նախագծի քննարկմանն Ալավերդի քաղաքում՝ 2006 թ. մարտի 23-ին: 2006թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ տվել է թիվ ԲՓ-31 դրական փորձաքննական եզրակացությունը:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը նույնպես ներկայացվել է բնապահպանության նախարարություն՝ փորձաքննության: Հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը ներկայացվել է նաև առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն՝ տեխնիկական և տեխնոլոգիական փորձաքննության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության նպատակով:

Օրենքով սահմանված կարգով հանրության իրազեկումն ապահովելով, 2006 թ. հոկտեմբերի 12-ին Թեղուտում կազմակերպվել են հասարակական լսումներ՝ հետաքրքրվող հանրությանը ներկայացնելով հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը և գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ 2006 թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը տվել է թիվ ԲՓ-135 դրական փորձաքննական եզրակացությունը: 2006 թ. նոյեմբերին աշխատանքային նախագծի վերաբերյալ ստացվել են նաև նշված մյուս փորձաքննությունների դրական եզրակացությունները:

Բացի օրենսդրությամբ նախատեսված վերոնշյալ լսումները, Թեղուտում պղինձ-մոլիբդենային կոմբինատի շինարարության և շահագործման ծրագրի բնապահպանական բաղադրիչին նվիրված քննարկումներ կազմակերպվել են նաև 2006 թվականի դեկտեմբերի 5-ին Վանաձորի բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոնում («Օրհուսի» կենտրոն)` ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ և օժանդակությամբ: Քննարկումներին, ի լրումն ազդակիր համայնքների ղեկավարների և ներկայացուցիչների, ներկա են եղել հասարակական և միջազգային կազմակերպությունների շուրջ 15 ներկայացուցիչներ (ընդամենը` 45 մարդ): Քննարկումների ընթացքում ազդակիր համայնքների ղեկավարները ներկայացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված` համայնքների ավելի քան 1 500 բնակիչների կողմից ստորագրված նամակը, որում, հաստատելով Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին համայնքների բնակիչների համաձայնությունը, խնդրվում է անտառվերականգնման նախատեսվող աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել ազդակիր համայնքների տարածքում: Գրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին տեղեկացվել է նաև, որ հենց ազդակիր համայնքներում շրջակա միջավայրի վրա ծրագրի բացասական ազդեցության մեղմումից և անտառվերականգնման ու խնամքի աշխատանքներին ազդակիր համայնքների բնակիչների լիարժեք մասնակցությունից բացի, այս եղանակով աշխատանքների կազմակերպումը նաև կարող է ազգօգուտ ծրագրերի իրականացմանը համայնքների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և պետական մարմինների արդյունավետ և համագործակցված մասնակցության լավ օրինակ ծառայել:

2007 թ. նոյեմբերին ընդունվել են ՀՀ կառավարության 1278-Ն (Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու և հողամասեր տրամադրելու մասին) և 1279-Ն (ՀՀ Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին) որոշումները:

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ մշակվել է Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման բնապահպանական կառավարման պլանի նախագիծ (ԲԿՊ), որը Թեղուտի հանքավայրի շահագործման ուղղությամբ իրականացվելիք գործունեության բնապահպանական տեսանկյուններն ամբողջական արտացոլող և անհրաժեշտ բնապահպանական միջոցառումներն ու դրանց իրականացման նկատմամբ վերահսկողության մեխանիզմները սահմանող համալիր փաստաթուղթ է: Թեև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան պարտադիր ընթացակարգեր չկան, «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից, տարբեր շահագրգիռ կազմակերպությունների և լայն հասարակայնության իրազեկումը նախապես ապահովելով, լայն քննարկումներ են կազմակերպվել նաև բնապահպանական կառավարման պլանի շուրջ:

Ինչպես ցանկացած այլ տնտեսական գործունեություն, այնպես էլ Թեղուտի հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն ենթադրում է արհեստածին փոփոխություններ և´բնական միջավայրում, և անտրոպոգեն` մշակութային միջավայրում: Հաշվի առնելով, որ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում առկա են մշակույթի և քաղաքակրթության վաղեմի հետքեր, արժեքավոր տեղեկատվություն պարունակող պատմամշակութային հուշարձաններ` մինչև հանքավայրի շահագործման ծրագրով նախատեսվող, շրջակա միջավայրի մշակութային իրադրությունը փոփոխող գործողությունների իրականացումն անհրաժեշտ է անել առավելագույնը, որպեսզի մեղմացվի հնարավոր բացասական ազդեցությունը: Միայն համոզված լինելով, որ գիտությանը տվյալ պահին հայտնի առավելագույն արդյունավետություն ունեցող միջոցներով, ողջամիտ սահմաններում արվել է հնարավոր առավելագույնը իրացման գոտում հայտնված տարածքների պատմամշակութային բովանդակությունը վերհանելու, արժեքավոր հուշարձանները տեղափոխման կամ այլ միջոցով պահպանելու, այլ հուշարձանների պարունակած պատմամշակութային տեղեկատվությունը համակարգելու և հուսալի կրիչների վրա ամրագրելու ուղղությամբ` կարելի է նախաձեռնել շրջակա մշակութային միջավայրի անցանկալի փոփոխության ռիսկեր ունեցող գործողություններ: Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի իրացման գոտում հայտնված տարածքների պատմամշակութային բովանդակության հնարավորինս ամբողջական պահպանումն ու հետագա սերունդներին փոխանցումն ապահովելու նպատակով` ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի N 1278-Ն որոշման համաձայն մշակվել է Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների վերաբերյալ ծրագիր (հաստատված « ՀՀ մշակույթի նախարարի 2008 թվականի հուլիսի 4-ի թիվ 416-Ա հրամանով»): Այդ ծրագիրը հիմք ընդունելով` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների հետ կնքվել են պայմանագրեր` «Վալլեքս» խմբի ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին` Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն ու անվթարայնությունն ապահովող միջոցառումների իրականացման առարկայով  (համառոտ տեղեկանք ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Ֆրոնտոն» ՍՊ ընկերության կողմից «Թեղուտ» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցներով 2009-2011 թթ. ընթացքում կատարված համալիր աշխատանքների վերաբերյալարխիվային տեսանյութ):

 

Աշխատանքային նախագծի իրականացման ուղղությամբ արդի փուլում կատարված աշխատանքները

Ծրագրի շրջանակներում կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը կգե­րա­զան­­ցի 350 միլիոն ԱՄՆ դոլարը, որից 01.06.2014թ. դրությամբ ներդրվել է 310 մլնը:


01.06.2014թդրությամբ կատարվել են հետևյալ աշխատանքները.

Հարստացուցիչ ֆաբրիկայում ավարտվել են հիմնական շինարարական աշխատանքները, մոնտաժված են բոլոր հիմնական սարքավորումները և կատարվում են դրանց կարգաբերման աշխատանքներ, ինչպես նաև՝ ենթակառուցվածքների՝ այդ թվում հոսանքագծերի և տարբեր խողովակաշարերի, ոչ ստանդարտ սարքավորումների պատրաստման և մոնտաժման աշխատանքներ:


Կառուցվել և շահագործման պատրաստ են.

- 40 մ3/ժ արտադրողականությամբ բետոնախառնիչ հանգույցը և 15 մ3/ժ արտադրողականությամբ ջարդման արտադրամասը.

- ավելի քան 95 կմ ընդհանուր երկարությամբ հիմնական և ժամանակավոր ճանապարհներ.

- շուրջ 7.8 կմ 35 կՎ և 18 կմ երկարությամբ 6 կՎ էլեկտրահաղորդման գծեր

- հարստացուցիչ ֆաբրիկայի վարչակենցաղային շենքը, կաթսայատնով

- պոչանքային տնտեսության ջրաբարձրացման պատվարը, բնական ջրհոսքները ապագա պոչամբարի տարածքը շրջանցելու համար նախատեսված շուրջ 4 հազ. մ հոսքագծեր

- լցակույտային տնտեսության ջրհեռացման դրանաժային համակարգը, 2.5 կմ թունելը և 650 մ բաց ջրանցքը

- բացահանքի տարածքի վարչակենցաղային շենքը, կաթսայատնով

- ծանր տեխնիկայի կայանատեղին, վերանորոգման արհեստանոցներով և մեքենաների լվացակայանով

- ընդհանուր գործարանային ավտովերանորոգման արհեստանոցը, վարչակենցաղային շենքով

- ավտոկշեռք 80 տ բեռնատարողությամբ

- անցակետերը

- 5 հարկանի, 200 տեղանոց հյուրանոցահանրակացային համալիրը

- ընդհանուր գործարանային ավտոմեքենաների բենզալցակայանը

- 110/35/10 կՎ ենթակայանը, 6.5 կմ 110 կՎ, 600 մ 10 կՎ էլէկտրահաղորդման գծերը

- Դեբետ գետից տեխնիկական թարմ ջրի մատակարարման համար նախատեսված պոմպակայանը, հետադարձ ջրի պոմպակայանը:

 

Կառուցման ընթացքում են.

-     հարստացուցիչ ֆաբրիկայի խոշոր ջարդման տեղամասը՝ միջինացման պահեստով, միջարտադրամասային անցուղիները, ջարդված հանքաքարի պահեստը, մանրացման տեղամասը՝ էներգամատակարարման մասնաշենքով, ֆլոտացիոն տեղամասը՝ ռեագենտիկայի մասնաշենքով, մոլիբդենի ստացման արտադրամասը՝ լաբորատորիայով, խտացման արտադրամասը

-     պոչանքային տնտեսության առաջնային պատվարը, կոլեկտորը, պոչատար խողովակաշարը, պարզեցված ջրի ավազանը, ջրամատակարարման տնտեսությունը

Ընթացքում են ճանապարհների շինարարության, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ:

 

Իրականացված աշխատանքների համախառն ցուցանիշներ.

Հողային աշխատանքներ՝ 22.2 մլն մ3, որից մակաբացում՝ 15.8 մլն մ3

Մետաղական աշխատանքներ՝ 9.8 հազ. տ, որից ամրանային՝ 2.6 հազ. տ

Բետոնային աշխատանքներ՝ 113.4 հազ. մ3:


Կատարվել են հանքավայրի տարածքում գամմա-ճառագայթման և բետա մասնիկների հոսքի չափումներ (արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝  2011 թվականի արդյունքներ , 2013 թվականի արդյունքներ): Իրականացվում է Խճի լվացման պարզարաններից արտահոսքում կախված մասնիկների պարունակության մշտադիտարկում:

  • Իրականացվել են և ընթացքի մեջ են նաև այլ աշխատանքներ:

 

Իրականացվում են աշխատանքներ Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագրով (հաստատված ՀՀ բնապահպանության նախարարի 2008 թվականի օգոստոսի 22-ի թիվ 295-Ա և ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2008 թվականի օգոստոսի 14-ի թիվ 151-Ա համատեղ հրամանով) նախատեսված  անտառապատման ուղղությամբ: Անցած ժամանակահատվածում իրականացվել է անտառահատում շուրջ 151 հա գումարային մակե­րեսով տարածքներում: Զուգահեռաբար անտառապատման ծրագրի շրջանակներում ծառատունկ և տնկված ծառերի ընթացիկ խնամքի աշխատանքներ են իրականացվել ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Լեռնահովիտ, Օձուն և Արջուտ համայնքների վար­չական սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ Գուգարքի և Լալվարի անտառտնտեսություններում գտնվող շուրջ 378,5 հա գումարային մակերեսով տարածքներում:

Անտառպատող կազմակերպություններին ըստ տարիների կատարվել են հետևյալ վճարումները.

 

Տարեթիվ

Անտառապատված տարածք

Վճարված գումար, առանց ԱԱՀ

2009

122.0

38,194,625.00

2010

18.0

43,154,767.00

2011

65.5

56,676,606.00

2012

94.5

77,533,442.00

2013

78.5

84,243,987.00

Ընդամենը՝

299,803,427.00

     

 

 

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC