Նորություններ

Տեղի ունեցավ շահառուների հետ հերթական հանդիպումը (21.01.2014)

2014 թ. հունվարի 17-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահառուների ներգրավման պլանի շրջանակներում հերթական հանդիպումը: Հանդիպմանը հրավիրված էին մասնակցելու Ծրագրի շահառուների բոլոր խմբերի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուր անձ և (կամ) կազմակերպություն, որի վրա Ծրագիրը կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի որևէ ազդեցություն և (կամ) որը Ծրագրի հետ կապված շահեր և (կամ) գործառույթներ ունի և (կամ) որևէ կերպ կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա: Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը տեղակայվել է ընկերության պաշտոնական կայքում, հեռարձակվել է տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով, տարածվել մամուլի հաղորդագրության ձևաչափով, այդ մասին պաշտոնական գրություններ են ուղարկվել ազդակիր համայնքների ղեկավարներին:

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն)՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013 թ. դեկտեմբերի 23-ից բացվել են գրանցամատյաններ, դրանցում հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու հնարավորությամբ շահառուներին ապահովելու համար: Գրանցամատյանները բացված կմնան մինչև 2014 թ. փետրվարի 15-ը:

Հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 50 մարդ՝ այդ թվում՝

ՀՀ Լոռու մարզի Թեղուտի գյուղապետը, Շնողի գյուղապետի տեղակալը, համայնքների ավագանու անդամներ և ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ

Միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում՝ Անուշ Էվոյանը (Ալավերդու Օրհուս կենտրոն), Ինգա Զարաֆյանը («Էկոլուր» ՀԿ), Արթուր Գրիգորյանը («Էկոդար» ՀԿ), Լենա Նազարյանը («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ) և այլոք

Լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ այդ թվում՝ «Հետք» համացանցային թերթի, «Ազատություն» ռադիոկայանի, տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ներկայացուցիչներ

Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի տարածքում առկա հուշարձանների հայտնաբերման և պահպանության նպատակով հնագիտական հետազոտություններ իրականացրած արշավախմբի ղեկավար Սուրեն Հոբոսյանը և այլ շահառուներ:

Ընկերությունը հանդիպմանը ներկայացնում էին գլխավոր տնօրենի տեղակալ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Պապոյանը, Արտաշես Բոշյանը և այլ աշխատակիցներ: Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և գործունեության ծրագրի շրջանակներում 2013թ. ընթացքում կատարված շինարարական և մոնտաժային աշխատանքներին, 2014թ. առաջին եռամսյակում նախատեսվող գործունեությանը: Հաջորդ կետի շրջանակներում ներկայացվեցին 2013 թ. ընթացքում շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված և 2014 թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները: Օրակարգի երրորդ կետի շրջանակներում ներկայացվեցին Շահառուների ներգրավման պլանի լրամշակված տարբերակը, 2013 թ. իրականացված և 2014 թ. առաջին եռամսյակում նախատեսված ներգրավման միջոցառումները, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը: Օրակարգի վերջին կետը վերաբերում էր ընկերության տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության աշխատանքներին:

Ընկերության ներկայացուցիչները օրակարգի կետերի շուրջ ներկայացրեցին ամփոփ տեղեկատվություն, պատասխանեցին շահառուների բարձրացրած հարցերին, տվեցին անհրաժեշտ պարզաբանումներ:

Հանդիպման ընթացքի ամբողջական տեսագրությունը:

 Հանդիպման արձանագրությունը:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC