Նորություններ

Ճանաչողական շրջայց լեռնահանքային համալիրում (23.06.2014)

Աշխարհի առաջատար համալսարաններում կրթություն ստանալու նպատակով «Լույս» կրթական հիմնադրամից օժանդակություն ստացած սովորողները, հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը և հիմնադրամի այլ ներկայացուցիչներ «Թեղուտ» ՓԲ ընկերության հրավերով հունիսի 18-ին ճանաչողական շրջայցով եղան Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրում:

 

Հաշվի առնելով, որ «Լույս» հիմնադրամի տրամադրած կրթաթոշակները հնարավորություն են տալիս ուսանելու աշխարհի լավագույն համալսարաններում՝ Հարվարդի, Քեմբրիջի, Օքսֆորդի և այլն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն կազմակերպել էր հիմնադրամի պատվիրակության շրջայցն այնպես, որ մասնակիցները հնարավորություն ունենան ընկերությունը համարժեք գնահատելու առաջին հերթին որպես հնարավոր գործատու: Շրջայցի մասնակիցներն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին արտադրական տարածքներում, եղան բացահանքում և լցակուտային տնտեսությունում, հանքահարստացուցիչ ֆաբրիկայում, պոչանքային տնտեսությունում, հանդիպումներ ունեցան ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանի և գլխավոր տնօրենի տեղակալ Դեյվ Ջենսենի հետ: Շրջայցի մասնակիցներն ընկերության ղեկավարների հետ քննարկեցին Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և շահագործման ծրագրի թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական, թե՛ բնապահպանական և այլ բնութագրեր:

 

Ունենալով համաշխարհային ընդգրկումով ոլորտի առաջատարների կողմից մշակված տեխնոլոգիաներով գործող արտադրական համալիր, առաջատար արտադրողների արտադրած լեռնահանքային տեխնիկա և արտադրական սարքավորումներ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն ներգրավել է նաև օտարերկրյա բարձրակարգ մասնագետներ: Մարդկային ներուժի կառավարման ոլորտում ընկերության խնդիրներից է տեսանելի հեռանկարում օտարերկրյա մասնագետներին հայաստանցի բարձրակարգ մասնագետներով փոխարինելու հնարավորության ստեղծումը: Այդ խնդրի լուծման գործում «Թեղուտ» ՓԲ ընկերության ու «Լույս» հիմնադրամի նպատակներն էական ընդհանրություններ ունեն: Շրջայցի արդյունքում քննարկվեցին նաև երկարաժամկետ հեռանկարում համագործակցության հնարավորությունները, ամրագրվեցին կոնկրետ պայմանավորվածություներ:

 

Լուսանկարներ.

 

   


«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC