Նորություններ

Տեղի ունեցավ շահառուների հետ հերթական հանդիպումը (02.05.2013)

2013 թ. ապրիլի 29–ին, ժամը 15:00–ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Թեղուտի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շա­հա­գործ­ման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում հերթական հան­դի­պումը: Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը տեղակայվել էր ընկերության պաշտոնական կայքում, ընկերության գրասենյակում, հեռարձակվել տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով, տարածվել մամուլի հաղորդագրության ձևաչափով, ուղարկվել տարբեր հասարակական կազմակերպությունների էլ. հասցեներով, այդ մասին պաշտոնական գրություններ էին ուղարկվել Թեղուտի և Շնողի գյուղապետերին: Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013 թ. ապրիլի 15-ից բացվել են գրանցամատյաններ, դրանցում հանդիպման օրա­կարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ, առա­ջար­կու­թյուն­նե­ր, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու հնարավորությամբ շահառուներին ապահովելու համար: Գրանցամատյանները բացված կմնան մինչև 2013 թ. մայիսի 15-ը, ժամը 17:00-ն:

Մասնակցում էր ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի գյուղապետ Ֆրունզե Նորեկյանը և Շնողգյուղի գյուղապետ Հովիկ Սահակյանը, համայնքների ավագանու անդամներ, ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, Ալավերդու Օրհուս կենտրոնի ղեկավար Անուշ Էվոյանը, Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի տարածքում առկա հուշարձանների հայտնաբերման և պահպանության նպատակով հնագիտական հետազոտություններ իրականացրած արշավախմբի ղեկավար Սուրեն Հոբոսյանը, «Էկոդար» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Հրայր Սավզյանը և Արթուր Գրիգորյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպության աշխատող Լենա Նազարյանը, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, «Հետք» համացանցային թերթի, «Առավոտ» օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի, տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ներկայացուցիչներ և այլ շահառուներ:

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիպմանը ներկայացնում էին ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Պապոյանը, Արտաշես Բոշյանը և այլ աշխատակիցներ:

Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ազդակիր համայնքներում ընկերության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններին: Հաշվի առնելով, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների՝ Լոռու մարզում իրականացվող սոցիալական ծրագրերի հիմնական մասի համակարգումն իրականացնում է «Մանես» բարեգործական հիմնադրամը՝ ներկաներին նախ ներկայացվեցին անցած ժամանակահատվածում հիմնադրամի գործունեության ընդհանրացված ցուցանիշները, ինչպես նաև՝ որոշ Լոռու մարզի Թեղուտ, Շնող, Ալավերդի և այլ համայնքներում իրականացված կոնկրետ ծրագրեր: Այդուհետ ծավալվեց քննարկում, որի շրջանակներում Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանն առաջարկեց համատեղ մշակել ծրագրեր և դրանց իրականացման կոնկրետ ժամանակացույց: Առաջարկն ընդունվեց ընկերության կողմից: Օրակարգի այս կետի շրջանակներում բարձրացվեցին և քննարկվցին նաև այլ հարցեր:

Քննարկվեցին նաև ընկերության աշխատանքներին նոր աշխատողների ներգրավման սկզբունքները և կադրային քաղաքականությունն ազդակիր համայնքների համար առավել նպաստավոր դարձնելու ուղիների, նախատեսվող բնապահպանական միջոցառումների, տեղեկատվական քաղաքականության, լեռնահանքային համալիրի տարածքներում և հարակից վայրերում հայտնաբերված պատմամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումների հետ կապված և այլ հարցեր:

Հանդիպման ընթացքը տեսաձայնագրվել է: 

Տեսանյութ

Արձանագրություն

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC