Նորություններ

Տեղի ունեցավ շահառուների հետ հերթական հանդիպումը (03.09.2013)

2013 թ. օգոստոսի 29-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շահառուների ներգրավման պլանի շրջանակներում հերթական հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ հայտարարությունը տեղակայվել էր ընկերության պաշտոնական կայքում, ընկերության գրասենյակում, հեռարձակվել տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության եթերով, տարածվել մամուլի հաղորդագրության ձևաչափով, այդ մասին պաշտոնական գրություններ էին ուղարկվել Թումանյանի շրջանի համայնքների ղեկավարներին:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյուղերի գյուղապետարաններում 2013 թ. օգոստոսի 15-ից բացվել են գրանցամատյաններ, դրանցում հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ և այլ հաղորդագրություններ գրառելու հնարավորությամբ շահառուներին ապահովելու համար: Գրանցամատյանները բացված կմնան մինչև 2013 թ. սեպտեմբերի 15-ը:

Հանդիպմանը մասնակցում էր ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ ՀՀ Լոռու մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, համայնքների ավագանու անդամներ, ազգաբնակչության այլ ներկայացուցիչներ, Ալավերդու Օրհուս կենտրոնի ղեկավար Անուշ Էվոյանը, Թեղուտի կառուցվող լեռնահանքային համալիրի տարածքում առկա հուշարձանների հայտնաբերման և պահպանության նպատակով հնագիտական հետազոտություններ իրականացրած արշավախմբի ղեկավար Սուրեն Հոբոսյանը, «Հետք» համացանցային թերթի, «Ազատություն» ռադիոկայանի, տեղական «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության ներկայացուցիչներ և այլ շահառուներ: «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) հանդիպմանը ներկայացնում էին Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանը, Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Պապոյանը, Արտաշես Բոշյանը և այլ աշխատակիցներ:

Հանդիպման օրակարգի առաջին հարցը վերաբերում էր շրջակա միջավայրի, մարդկանց առող­ջու­թյան պահ­պանության և աշխատանքի անվտանգության ապահովման ոլորտներում Ընկերության որդեգրած քաղաքականությանը: Ներկայացվեցին և քննարկվեցին այդ քաղաքականության առաջնահերթությունների և նպատակների մասին Ընկերության հայտարարությունը և շահառուների հետ նախորդ հանդիպումից ի վեր այդ քաղաքականության շրջանակներում իրականացված միջոցառումները:

Օրակարգի հաջորդ կետի շրջանակներում ներկայացվեց Ընկերության կադրային քաղաքականության շրջանակներում մշակվող նոր համակարգը, որը կոչված է լինելու նպաստելու Ընկերության աշխատողների մասնագիտական առաջընթացին և ապահովելու նրանց մասնագիտական կարողությունների անկողմնակալ գնահատում, ինչը նաև հնարավորություն կտա առավել թափանցիկ դարձնելու նոր աշխատողների ներգրավման սկզբունքները ազդակիր համայնքների համար: Քննարկվեցին առանձին քաղաքացիների կողմից այս կետի շրջանակներում բարձրացրած հարցեր:

Օրակարգի երրորդ կետի շրջանակներում ներկայացվեցին Ընկերության գործունեության տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող միջոցառումները, մասնավորապես՝ հողային աշխատանքներում ներգրավված աշխատողների համար մշակված նոր ուղեցույցը՝ հուշարձանի հայտնաբերման հնարավորություն ենթադրող իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքի ամբողջական տեսագրություն

Հանդիպման արձանագրություն:

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC