Նորություններ

Լոռի-Մարտակերտ. բարեկամության կամուրջներ (18.09.2013)

Հայաստանի Հանրապետության մարզերի և Արցախի Հանրապետության վարչական շրջանների միջև տնտեսական և մշակութային կապերի խորացման ծրագրի շրջանակներում 2013 թվականի սեպտեմբերի 12-ից 14-ը «Վալլեքս» խմբի նախաձեռնությամբ կազմակերպվեց լոռեցիների հերթական այց Արցախ: Այցին մասնակցում էին «Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» և «Թեղուտ» ՓԲ ընկերությունների, Լոռու մարզպետարանի բնապահպանության բաժնի աշխատակիցներ, Ալավերդու ԲՈւՀ-երի ուսանողներ, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը և այլ լոռեցիներ:

Այցելության առաջին օրը պատվիրակությունը եղավ Նորավանք վանական համալիրում, այդուհետ շարունակեց ճանապարհը դեպի Ստեփանակերտ, ուր նրանց ընդունեց «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարությունը: Հաջորդ օրը լոռեցիներն ուղևորվեցին Տիգրանակերտի հնագիտական թանգարան, ուր ցուցադրված են Տիգրան Մեծի հիմնած ավելի քան երկուհազարամյա քաղաքի տարածքում հայտնաբերված հնագիտական նյութերը: Եղան նաև հարևանությամբ գտնվող Անահիտի աղբյուրում, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Վաչագան թագավորն ու Անահիտը: Նույն օրը մասնակիցներն այցելեցին «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից շահագործման փորձնական փուլում գտնվող Կաշենի հանքավայր: Այցի հաջորդ հանգուցակետը Դրմբոնի հանքահարստացուցիչ ֆաբրիկան էր, ուր վերամշակվելու է տեղափոխվում Կաշենում արդյունահանվող հանքաքարը:

Կաշեն-Դրմբոն ճանապարհին այցելուները եղան Գանձասարի վանական համալիրում և Ալավերդու հոգևոր հոր առաջնորդությամբ ընդհանրական աղոթք ուղղեցին առ Աստված, հանուն Հայաստանի և Արցախի բարօրության:

Լեռնահարստացուցիչ համալիրում պատվիրակության անդամները ծանոթացան արտադրական տեղամասերի աշխատանքին: «Թեղուտ» ընկերության աշխատակիցներին հատկապես հետաքրքրում էր ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան շահագործվող պոչամբարը, որտեղ շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն աննախադեպ են ինչպես մեր, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար:

Հաջորդ օրը, վերադարձի ճանապարհին Լոռու պատվիրակությունը եղավ Շուշիում: Արցախի ազգային պատկերասրահում դիտեցին ցուցադրված գեղանկարչական և կիրառական արվեստի նմուշները, ապա Ղազանաչեցոց եկեղեցում մասնակցեցին մոմավառության:

ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների, ինչպես նաև տնտեսական և մշակութային նոր կապերի ստեղծման այլ ծրագրերին աջակցությունը կարևոր տեղ ունի «Վալլեքս» խմբի Հայաստանում և Արցախում գործող ընկերությունների որդեգրած կորպորատիվ սոցիալական քաղաքականության առաջնահերթություններում: «Վալլեքս» խմբի ընկերությունների նախաձեռնությամբ եռօրյա այցելության ծրագրերով արդեն իսկ հազարից ավելի երիտասարդներ, ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ, մտավորականներ, լրագրողներ և այլ բնագավառների գործիչներ են եղել Արցախում:

People from Lori in Arcakh  
Lori Arcakh cooperation  
Lori Arcakh    
Lori Martakert    

«Վալլեքս» խմբի ընկերություններ
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան, Խանջյան փ.19
Հեռ.` +374 10 51-08-88
Ֆաքս` +374 10 51-08-80
Developed by Smart Systems LLC