Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի հայտնաբերմանը հանգեցրած երկրաբանահետախուզական աշխատանքները սկսվել են դեռևս 1972 թ.: Հետախուզական հորատումներ և այլ երկրաբանական աշխատանքներ են իրականացվել շուրջ 20 տարի: Դրանց արդյունքում որոշվել են հանքային մարմնի սահմանները, Խորհրդային Միության պաշարների պետական հանձաժողովի կողմից հաստատվել են հանքաքարի արդյունաբերական պաշարները:
Մակաբացման աշխատանքներն իրականացնող էքսկավատորներն ապարները բարձում են բեռնատար մեքենաների մեջ: Կապիտալ մակաբացման փուլում բոլոր բեռնատարները դատարկ ապարները տեղափոխում են լցակույտեր: Հանքային մարմնին հասնելուց հետո արդյունահանված հանքաքարը տեղափոխվում է հարստացուցիչ ֆաբրիկա, դատարկ ապարները՝ լցակույտեր:
Բացահանքում օգտագործվում է հայտնի «Կատերպիլար» ընկերության արտադրության տեխնիկա: Էքակավատորները CAT 6018 մակնիշի են՝ 10 մետր խորանարդ տարողությամբ շերեփով: Բեռնատար մեքենաները CAT 777 F մակնիշի են՝ 90 տոննա բեռնատարողությամբ:
Բացահանքի ձևավորմանը զուգահեռ կազմավորվում են նաև լցակույտերը: Շահագործման ընթացքում և ավարտից հետո նախատեսված ռեկուլտիվացման աշխատանքների շրջանակներում լցակույտերը պատվում են հողի բերրի շերտով, կանաչապատվում և ծառապատվում:
Ավելի մանրամասն տես Թեղուտ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի 3.1 հատորը:
Հարստացուցիչ ֆաբրիկայից պոչանքներն ինքնահոս պոչատարով տեղափոխվում են Խառատանոց վտակի կիրճում գտնվող պոչամբար: Բնական ջրհոսքերը հիդրոտեխնիկական կառույցների միջոցով նախապես հեռացվում են կիրճից: Պոչանքների տեղակայման համար նախատեսված ծավալը ձևավորվում է պատվարի շնորհիվ, որը կառուցվում է հանքի մակաբացման դատարկ ապարների ու կավային գրունտների օգտագործմամբ: Պոչերը քամվելու արդյունքում գոյացած, պարզեցված ջուրը կոլեկտորի միջոցով հեռացվում է երկրորդային պարզեցման ավազան:
Ջրազերծված պոչանքի մակարդակի բարձրացմանը զուգընթաց փակվում են կոլեկտորի ցածր մակարդկում գտնվող ջրընդունիչ հորերը, և ջուրը հեռացվում է առավել բարձր գտնվող հորերով: Նախնական ծավալը սպառվելուց հետո պատվարը բարձրացվում է պոչանքի զենիթային տրմամբ իրականացվող տղմալցման եղանակով:
Պարզեցման ավազանում երկրորդային զտում անցնելոց հետո ջուրը պոմպակայանով հետադարձ մատակարարվում է հարստացուցիչ ֆաբրիկա: Փակ շրջանառությունը գործնականում բացառում է արտադրական ջրերով շրջակա միջավայրի աղտոտումը:
Պոչամբարի շահագործմանը զուգընթաց իրականացվող ռեկուլտավացիոն աշխատանքների շրջանակներում պատվարի լանջերը, իսկ շահագործման ավարտից հետո՝ ամբողջ մակերեսը պատվում են հողի բերրի շերտով և կանաչապատվում:
Ավելի մանրամասն տես Թեղուտ պղինձ-մոլիբդենային հանքավայրի աշխատանքային նախագծի 3.3 հատորը:
Ինքնաթափ մեքենաներով հանքաքարը բացահանքից բերվում է ֆաբրիկա և լցվում ընդունիչ զետեղարան: Այտավոր ջարդիչների միջոցով իրականացվում է հանքաքարի խոշոր ջարդում: Բացահանքից բերվող հանքաքարի քանակը կարող է տատանվել: Որպեսզի վերամշակման գործընթացը կախված չլինի այդ տատանումներից և հետագա փուլերը կայուն մատակարարվեն հանքաքարով, նախատեսված է ջարդված հանքաքարի պահեստ: Հանքաքարի տեղափոխումն այդ պահեստ իրականացվում է փոխակրիչներով: Պահեստն ունի 35,000 տոննա տարողություն, որում հանքաքարի համաչափ բաշխման համար ներդրված է հատուկ համակարգ:
Այդուհետ հանքաքարը փոխակրիչով տեղափոխվում է մանրացման աշխատամաս: Որոշակի քանակությամբ ջրի և մետաղյա գնդերի հետ միասին հանքաքարը լցվում է խոնավ կիսաինքնամանրացման աղաց: Այն ունի 10.4 մ տրամագիծ և 4.6 մ երկարություն: 12 մմ-ից մեծ չափսեր ունեցող կտորները փոխակրիչով վերադարձվում են կիսաինքնամանրացման աղաց: Մանրացված հանքաքարի խյուսը պոմպով մղվում է հիդրոցիկլոնային դասակարգիչ՝ բաղկացած 8 հիդրոցիկլոններից: Դասակարգման արդյունքում 0.15 մմ-ից մեծ մասնիկներ պարունակող ավազը տրվում է 6.1 մ տրամագիծ և 10 մ երկարություն ունեցող գնդավոր աղաց, որտեղ մանրացվելուց հետո վերադառնում է հիդրոցիկլոնային դասակարգիչ: 0.15 մմ-ից փոքր մասնիկներից բաղկացած խյուսը հիդրոցիկլոնային դասակարգիչից ինքնահոսով անցնում է պղնձի և մոլիբդենի միասնական ֆլոտացման փուլ, որտեղ դրան ավելացվում են անհրաժեշտ ազդանյութեր: Մետաղ պարունակող միներալները թրջելիության առավել ցածր աստիճան ունենալու շնորհիվ հավաքվում են ներքևից տրվող օդի պղպջակների մակերեսին և պղպջակների հետ միասին բարձրանում վերև՝ կուտակվելով փրփուրի շերտում, որից էլ ստացվում է խտանյութը:
Միասնական ֆլոտացման առաջին փուլն իրականացվում է 8 խցերում: Դրան հաջորդում է լրամանրացման փուլը, որը բաղկացած է 3.1 մ տրամագիծ և 5.5 մ երկարություն ունեցող գնդավոր աղացից և հիդրոցիկլոնային դասակարգիչից:
Այդուհետ միասնական խտանյութն անցնում է մաքրման և ստուգողական ֆլոտացման փուլեր՝ անցնելով 14 տարբեր խցերով: Միասնական ֆլոտացման պոչանքներն ինքնահոս տեղափոխվում են պոչամբար: Վերջնական միասնական խտանյութը մատակարարվում է 15 մ տրամագծով թանձրիչ, որտեղից էլ պոմպով մղվում է մոլիբդենի առանձնացման աշխատամաս:
Մոլիբդենի ֆլոտացումը ներառում է մեկ հիմնական և 6 մաքրման փուլեր: Ազդանյութերն ընտրված են այնպես, որ օդի պղպջակների մակերեսին հավաքվում և փրփուրի շերտերում կուտակվում են միայն մոլիբդեն պարունակող միներալները:
Մոլիբդենի ֆլոտացիայի պոչանքը՝ պղնձի խտանյութը, տրվում է 15 մ տրամագծով թանձրիչ: Թանձրացումից հետո խտանյութն անցնում է ավտոմատ մամլաքամիչ, որտեղից որպես պղնձի ապրանքային խտանյութ, լցվում է խտանյութի պահեստ:
Մաքրման փուլերում մոլիբդենի խտանյութն անցնում է 11 տարբեր խցերով և երեք սյունակաթսաներով: Այդուհետ այն մատակարարվում է 8 մ տրամագծով թանձրիչ, որտեղից էլ անցնում է զտման՝ պնևմամամլիչով: Մամլումից հետո խտանյութը չորացվում և փաթեթավորվում է որպես մոլիբդենի ապրանքային խտանյութ:
Ավելի մանրամասն տես Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի 3.2 հատորը:
|