Փորձաքննություններ
2005 թ. կատարվել է շրջակա միջավայրի վրա Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի ազդեցության գնահատումը և կազմվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (այսուհետ՝ ՇՄԱԳ) նախագիծ, որը ներկայացվել է փորձաքննության՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն: Օրենքով սահմանված կարգով ապահովվել է հանրության իրազեկումը և մասնակցությունը ՇՄԱԳ նախագծի քննարկմանն Ալավերդի քաղաքում՝ 2006 թ. մարտի 23-ին: 2006թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը ՇՄԱԳ նախագծի վերաբերյալ տվել է թիվ ԲՓ-31 դրական փորձաքննական եզրակացությունը:
Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը ևս ներկայացվել է բնապահպանության նախարարություն՝ փորձաքննության: Հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը ներկայացվել է նաև առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն՝ տեխնիկական և տեխնոլոգիական փորձաքննության, ինչպես նաև «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ՝ տեխնիկական անվտանգության փորձաքննության նպատակով:
Օրենքով սահմանված կարգով հանրության իրազեկումն ապահովելով, 2006 թ. հոկտեմբերի 12-ին Թեղուտում կազմակերպվել են հասարակական լսումներ՝ հետաքրքրվող հանրությանը ներկայացնելով հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը և գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Թեղուտի հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի վերաբերյալ 2006 թ. նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը տվել է թիվ ԲՓ-135 դրական փորձաքննական եզրակացությունը:
2006 թ. նոյեմբերի 21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատանքային նախագծի վերաբերյալ տվել է թիվ 292 դրական փորձաքննական եզրակացությունը:
2006 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը աշխատանքային նախագծի վերաբերյալ տվել է թիվ ՏՏՓ-114 դրական փորձաքննական եզրակացությունը:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի պահանջներին համապատասխանության տեսանկյունից փորձաքննություն իրականացնելու նպատակով աշխատանքային նախագիծը ներկայացվել է նաև տարբեր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների: